Պետական գույքի կառավարման ծրագրերի և ռազմավարական փաստաթղթերի մշակման վարչության կանոնադրություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Պետական գույքի կառավարման ծրագրերի և իրավական ակտերի մշակման վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է և իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանների, Կոմիտեի նախագահի հրամանների, այլ իրավական ակտերի և սույն կանոնադրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

1.2. Վարչությունն իր իրավասությունների շրջանակներում պատասխանատվություն է կրում իր վրա դրված խնդիրների ու գործառույթների ժամանակին և պատշաճ իրականացման համար, ենթարկվում և հաշվետու է Կոմիտեի նախագահին, համակարգող տեղակալին:

1.3. Վարչությունը կազմավորվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով:

1.4. Վարչության կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները հաստատում է Կոմիտեի նախագահը:

 

2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

2.1. Վարչության խնդիրներն են՝

1) պետական գույքի արդյունավետ կառավարման բնագավառում պետական միասնական քաղաքականության հիմնադրույթների մշակմանն աջակցելը.

2) պետական գույքի կառավարման, այդ թվում հաշվառման և մշտադիտարկման, մասնավորեցման, օտարման, օգտագործման տրամադրման, ծառայությունների մատուցման ոլորտը կանոնակարգող օրենսդրության մշակման և շարունակական բարեփոխման իրականացումը.

3) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության գործող համակարգի շարունակական բարեփոխման իրականացումը.

4) պետական գույքի կառավարման իրատեսական եռամյա ծրագրերի մշակումը, ինչպես նաև այդ ծրագրային կառավարման շարունակական բարեփոխումը։

 

 

3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

3.1. Վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) աջակցում է պետական գույքի հաշվառման, մասնավորեցման, օտարման, օգտագործման տրամադրման և ծառայությունների մատուցման բնագավառներում պետական միասնական քաղաքականության հիմնադրույթների մշակմանը.

2) իրականացնում է պետական գույքի հաշվառման և մշտադիտարկման, մասնավորեցման, օտարման, օգտագործման տրամադրման և ծառայությունների մատուցման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի մշակումը

3) աջակցում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման միասնական պետական քաղաքականության հիմնադրույթների մշակմանը,

4) մասնակցում է պետական գույքի կառավարման ոլորտին առնչվող պետական մարմինների կողմից ներկայացված իրավական ակտերի նախագծերի քննարկմանը,

5) տրամադրում է կարծիքներ՝ պետական մարմիններից ստացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ,

6) իրականացնում է պետական գույքի կառավարմանը, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների լուծարմանն ու սնանկացմանն առնչվող օրենսդրական դաշտի, ինչպես նաև այդ բնագավառներում իրականացվող ընթացակարգերի ուսումնասիրություն և մասնակցում այդ գործընթացները կարգավորող մեթոդական փաստաթղթերի մշակմանը,

7) մշակում է Կոմիտեի կանոնադրական գործառույթները կանոնակարգող իրավական ակտերի նախագծերը և սահմանված կարգով ներկայացնում քննարկման,

8) աջակցում է քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխման արդյունավետության բարձրացմանը` մասնակցելով համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակմանը,

9) Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների և ենթակա կազմակերպությունների կողմից ներկայացված տեղեկությունների հիման վրա կազմում է Կոմիտեի գործունեության եռամսյակային, կիսամյակային, ինն ամսվա և տարեկան հաշվետվությունները,

10) ներկայացնում է առաջարկություններ՝ պետական գույքի հաշվառման համակարգի կատարելագործման և հաշվառվող գույքի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ,

11) մասնակցում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարումը համակարգող օրենսդրության մշակմանը ու կատարելագործմանը,

12) իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում բջջային կապի օպերատորների կողմից՝ կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու նախապատրաստական աշխատանքները, բջջային կապի օպերատորների կողմից՝ կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման ամսական վարձակալական վճարի չափի հաշվարկումը ու կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ պայմանագրի կնքման համար անհրաժեշտ փաթեթի կազմումը,

13) մշակում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում մասնավորեցման ընթացիկ ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվության նախագիծը,

14) մշակում և սահմանված կարգով ներկայացնում է պետական գույքի մասնավորեցման ծրագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը,

15) համակարգում և կազմում է պետական գույքի եռամյա ծրագիրը և սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ,

16) անհրաժեշտության դեպքում մշակում է պետական գույքի կառավարման եռամյա ծրագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը,

17) մշակում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է պետական գույքի կառավարման եռամյա ծրագրերի կատարման արդյունքների մասին տարեկան հաշվետվությունը,

18) մասնակցում է ռազմավարական փաստաթղթերի, ինչպես նաև պետական գույքի կառավարման առանձին ոլորտներում զարգացման ծրագրերի մշակման աշխատանքներին,

19) բնակչության սոցիալական խնդիրների լուծման նպատակով պետական կառավարման մարմիններից, ինչպես նաև Կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից տրամադրված փաստաթղթերի տեղեկատվության հիման վրա` սահմանված կարգի համաձայն, մշակում է Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած, ինչպես նաև տեղաբնակ քաղաքացիներին իրենց կողմից զբաղեցրած` պետական սեփականություն հանդիսացող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման և նվիրատվության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը,

20) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տեղաբնակ հանդիսացող կամ փախստականի կարգավիճակ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սեփականաշնորհված (նվիրված) տարածքների հաշվառումը,

21) Վարչության գործառույթների արդյունավետ իրականացման համար ներկայացնում է առաջարկություններ,

22) մասնակցում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների նկատմամբ անցկացվող ծառայողական քննություններին,

23) իր իրավասությունների (գործառույթների) սահմաններում կատարում է Կոմիտեի նախագահի, տեղակալների և գլխավոր քարտուղարի հանձնարարականները և ցուցումները,իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ:

 

 

4. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

4.1. Վարչության կառուցվածքը հաստատվում է Կոմիտեի նախագահի հրամանով:

4.2. Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Կոմիտեի հաստիքացուցակով նախատեսված կազմով։

4.3. Վարչությունը՝

1) իրականացնում է աշխատանքներ՝ համագործակցելով Կոմիտեի այլ ստորաբաժանումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ,

2) Կոմիտեի այլ ստորաբաժանումների հետ համատեղ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ, նախապատրաստում է պետական գույքի կառավարման ոլորտին վերաբերվող Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանների և իրավական այլ ակտերի նախագծերը,

3) ստանում է դիմումներ, գրություններ, բողոքներ և առաջարկություններ ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում պատրաստում դրանց պատասխանները:

4.4. Վարչության աշխատանքների ղեկավարումն իրականացվում է Վարչության պետի և Վարչության կազմում գործող բաժինների (այսուհետ` Բաժին) պետերի կողմից:

4.5. Վարչության պետը՝

1) իրականացնում է Վարչության աշխատանքների կազմակերպումը և ընդհանուր ղեկավարումը,

2) բացահայտում, վերլուծում և գնահատում է Վարչության առջև դրված գործառույթներից բխող մասնագիտական նշանակության խնդիրներ, ինչպես նաև դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ և ապահովում այդ աշխատանքների կատարումը,

3) ապահովում է Վարչության կանոնադրությամբ նախատեսված գործառույթների ժամանակին և արդյունավետ իրականացումը,

4) վերահսկում է Վարչության աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության կանոնների պահպանումը, անհրաժեշտության դեպքում` վերադասության կարգով, ներկայացնում է առաջարկություններ,

5) ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, կարծիքների, այլ փաստաթղթերի նախապատրաստումը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի մշակումը,

6) գլխավոր քարտուղարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ,

7) գլխավոր քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագիրը,

8) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,

9) ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը,

10) ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմելու համար,

11) Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների,

12) ըստ անհրաժեշտության՝ ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ պետական գույքի կառավարման ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին,

13) պատասխանատու է Վարչությունում համապատասխան աշխատանքային մթնոլորտի և կարգապահության ապահովման, Վարչությունում աշխատակիցների միջև աշխատանքների հավասարաչափ բաշխման և դրանց կատարման համար,

14) իրականացնում է Կոմիտեի նախագահի, նրա համակարգող համապատասխան տեղակալի և գլխավոր քարտուղարի այլ հանձնարարականները,

15) Վարչության լիազորություններին առնչվող հարցերի շրջանակներում ընդունում է քաղաքացիներին, իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, հանդիպում է պետական մարմինների աշխատողների հետ, պարզաբանումներ է տալիս առկա խնդիրների վերաբերյալ, լուծումներ է առաջարկում բարձրացված հարցերի շուրջ:

4.6. Վարչության պետը պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Վարչության առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

4.7. Վարչության պետի բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ, իրեն փոխարինում է Բաժնի պետերից մեկը:

 

5. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

5.1. Վարչության կազմում գործում են՝

1) Իրավական ակտերի և մեթոդական ուղեցույցների մշակման բաժինը,

2) Պետական գույքի կառավարման ծրագրերի և ռազմավարական փաստաթղթերի մշակման բաժինը:

5.2. Վարչության.

1) Իրավական ակտերի և մեթոդական ուղեցույցների մշակման բաժինն իրականացնում է սույն կանոնադրության 3.1-րդ կետի 1-12-րդ և 21-23-րդ ենթակետերում նշված գործառույթները,

2) Պետական գույքի կառավարման ծրագրերի և ռազմավարական փաստաթղթերի մշակման բաժինն իրականացնում է 3.1-րդ կետի 13-23-րդ ենթակետերում նշված գործառույթները:

5.3. Բաժինը`

1) իրականացնում է աշխատանքներ՝ համագործակցելով Կոմիտեի այլ ստորաբաժանումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ,

2) Կոմիտեի այլ ստորաբաժանումների հետ համատեղ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով, նախապատրաստում է պետական գույքի կառավարման ոլորտին վերաբերվող Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների և իրավական այլ ակտերի նախագծերը,

3) ստանում է դիմումներ, գրություններ, բողոքներ և առաջարկություններ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում պատրաստում դրանց պատասխանները:

5.4. Բաժնի պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչության պետին:

5.5. Բաժնի պետը՝

1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Բաժնի ընթացիկ գործունեությունը,

2) պատասխանատվություն է կրում Բաժնի առջև դրված խնդիրների ժամանակին և ճիշտ իրականացման համար,

3) բաշխում է պարտականությունները Բաժնի աշխատակիցների միջև,

4) մշակում է Բաժնի աշխատանքային ծրագիրը,

5) Վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է պետական և այլ մարմինների նիստերին (խորհրդակցություններին),

6) ապահովում է Բաժնի կանոնադրությամբ նախատեսված գործառույթների ժամանակին և արդյունավետ իրականացումը, անհրաժեշտության դեպքում վերադասության կարգով ներկայացնում է առաջարկություններ աշխատակիցների խրախուսման կամ պատասխանատվության ենթարկման վերաբերյալ,

7) Բաժնի իրավասության տակ գտնվող հարցերի շուրջ անցկացնում է խորհրդակցություններ՝ պետական կառավարման մարմինների համապատասխան մասնագետների, այլ փորձագետների մասնակցությամբ,

8) ստանում է Բաժնի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տարածքային ինքնակառավարման մարմիններից, Կոմիտեի մյուս ստորաբաժանումներից, գիտական և խորհրդատվական կազմակերպություններից,

9) վերահսկում է Բաժնի աշխատողների կողմից հանձնարարությունների կատարման ընթացքը, ընդունում կատարված աշխատանքները,

10) Բաժնի լիազորություններին առնչվող հարցերի շրջանակներում կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն, ընդունում իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, հանդիպում է պետական մարմինների աշխատողների հետ, պարզաբանումներ է տալիս առկա խնդիրների վերաբերյալ, լուծումներ է առաջարկում բարձրացված հարցերի շուրջ,

11) կատարում է Վարչության պետի այլ հանձնարարականները:

5.6. Բաժնի պետը պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Բաժնի առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները սահմանված կարգով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

5.7. Բաժնի պետը Վարչության պետի բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ, փոխարինում է վերջինիս:

5.8. Բաժնի պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են Բաժնի աշխատողները:

5.9. Բաժնի պետի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ, իրեն փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը:

5.10. Բաժնի աշխատակցի արձակուրդում կամ անաշխատունակության ժամանակահատվածում գտնվելու ընթացքում վերջինիս լիազորությունները վերապահվում է պաշտոնի անձնագրով սահմանված համապատասխան աշխատակցին։