Առաջին բաժնի կանոնադրություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՌՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՌԱՋԻՆ ԲԱԺՆԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1 Առաջին բաժինը (այսուհետ` Բաժին) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և եթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) աջակցող կառուցվածքային ստորաբաժանում է և իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանների, Կոմիտեի նախագահի հրամանների, այլ իրավական ակտերի և սույն կանոնադրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

1.2. Բաժինն իր իրավասությունների շրջանակներում պատասխանատվություն է կրում իր վրա դրված խնդիրների ու գործառույթների ժամանակին և պատշաճ իրականացման համար, ենթարկվում և հաշվետու է Կոմիտեի նախագահին և գլխավոր քարտուղարին:

1.3. Բաժինը կազմավորվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով՝ ազգային անվտանգության մարմնի գրավոր համաձայնության հիման վրա:

1.4. Բաժնի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները հաստատում է Կոմիտեի նախագահը:

 

2. ԲԱԺՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

2.1. Բաժնի խնդիրներն են`

1) աշխատանքներում, փաստաթղթերում պարունակող գաղտնի տեղեկություններին անձանց առնչվելու չհիմնավորված թույլտվության կանխումը,

2) գաղտնի տեղեկությունների արտահոսքի հնարավոր ուղիների հայտնաբերումն ու փակումը Կոմիտեի գործունեության ընթացքում,

3) գաղտնիության ռեժիմի ապահովումը բոլոր աստիճանների գաղտնի աշխատանքներ կատարելիս և փաստաթղթեր գործածելիս,

4) գաղտնի գործավարության կազմակերպումը,

5) Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության համակարգումը գաղտնիքների պահպանության ապահովության մասով:

 

3. ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

3.1. Բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) իրականացնում է Կոմիտեի գաղտնիության ռեժիմի կազմակերպումը և դրա խստագույն պահպանությունը,

2) կանխում է Կոմիտեի աշխատանքներում և փաստաթղթերում պարունակող գաղտնի տեղեկություններին անձանց (աշխատողներին) առնչվելու չհիմնավորված թույլտվությունը,

3) իրականացնում է գաղտնի աշխատանքներին, փաստաթղթերին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց հրահանգավորման կազմակերպումը, գաղտնիության ռեժիմի համապատասխան պահանջների վերաբերյալ նրանց իրազեկման ստուգումը և գաղտնի փաստաթղթերին առնչվելու նպատակով նախապատրաստում համապատասխան փաստաթղթեր՝ թույլտվության ձևակերպման համար,

 4) իրականացնում է գաղտնի գործավարությունը, գաղտնի փաստաթղթերի հաշվառումը, պահպանումը և օգտագործումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովում է գաղտնի փաստաթղթերի առաքումը,

5) վերահսկում է գաղտնի փաստաթղթերի հետ վարվելու կարգի պահպանությունը և դրանց ժամանակին վերադարձնելը Բաժին,

6) նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերը, առաջարկությունները, եզրակացությունները, այլ փաստաթղթերը, ինչպես նաև և դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումները և ուղեցույցերը,

7) մասնակցում է գաղտնի տեղեկությունների հրապարակման փաստերի, գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթերի կորուստի և գաղտնիության ռեժիմի մյուս խախտումների վերաբերյալ ծառայողական քննության անցկացմանը,

8) մասնակցում է գաղտնիության ռեժիմի ապահովման ներգերատեսչական կարգ սահմանող մյուս նորմատիվային ակտերի մշակմանը, ինչպես նաև հսկողություն է իրականացնում աշխատանքների, փաստաթղթերի ժամանակին գաղտնագրման ու գաղտնիության աստիճանի (դրոշմագրի) ճիշտ որոշման և փոփոխության նկատմամբ,

9) ապահովում է Կոմիտեում գաղտնիության ռեժիմը բոլոր աստիճանների (հատուկ կարևորության, հույժ գաղտնի, գաղտնի) գաղտնի աշխատանքներ կատարելիս և փաստաթղթեր գործածելիս,

10) սահմանված կարգով իրականացնում է Կոմիտեի արխիվային գաղտնի փաստաթղթերի պահպանումը և օգտագործումը,

11) համագործակցելով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինների, Կոմիտեի ստորաբաժանումների հետ սահմանված կարգով մասնակցում է պետական գույքի կառավարման, մասնավորեցման, օտարման, լուծարման ոլորտին վերաբերվող Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների և իրավական այլ ակտերի նախագծերի, քաղվածքների նախապատրաստման աշխատանքներին,

12) համագործակցելով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինների հետ, իրականացնում է ծառայողական կամ պետական գաղտնիք կազմող գույքի հաշվառում,

13) սահմանված կարգով մասնակցում է գույքի հանձնման-ընդունման աշխատանքներին, որոնք ներկայացնում են պետական կամ ծառայողական գաղտնիք:

14) իրականացնում է քաղաքացիական պաշտպանության, Կոմիտեի գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման պլանների մշակման աշխատանքների մեթոդական, տեղեկատվական և կազմակերպական աջակցությունը և մասնակցում այդ պլանների իրագործմանը,

15) իրականացնում է զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին մասնակցության նախապատրաստության ապահովումը,

16) իրականացնում է Կոմիտեի աշխատակիցներ համարվող պահեստազորայինների ամրագրման աշխատանքների կատարումը, նրանց զինվորական հաշվառման, պահեստազորային պատրաստության միջոցառումներին և զորահավաքային զորակոչին ներգրավման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքները զինվորական հաշվառում իրականացնող մարմինների հետ,

17) մասնակցում է «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» և «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, դրանցից բխող նորմատիվ իրավական ակտերով այլ պետական կառավարման համակարգի մարմինների համար սահմանված միջոցառումների իրականացման աշխատանքներին,

18) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ,

19) մասնակցում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների նկատմամբ անցկացվող ծառայողական քննություններին,

19) Բաժնի գործառույթների արդյունավետ իրականացման համար ներկայացնում է առաջարկություններ,

20) իր իրավասությունների (գործառույթների) սահմաններում կատարում է Կոմիտեի նախագահի, տեղակալների և գլխավոր քարտուղարի հանձնարարականները և ցուցումները և իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ:

 

 

4. ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

4.1. Բաժնի կառուցվածքը հաստատվում է Կոմիտեի նախագահի հրամանով:

4.2. Բաժինն ընթացիկ գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է Բաժնի պետը:

4.3. Բաժինը`

1) իրականացնում է աշխատանքներ` համագործակցելով Կոմիտեի այլ ստորաբաժանումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ,

2) Կոմիտեի այլ ստորաբաժանումների հետ համատեղ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ մասնակցում է պետական գույքի կառավարման ոլորտին վերաբերվող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և այլ ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքներին:

4.4. Բաժնի պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Կոմիտեի նախագահին:

4.5. Բաժնի պետը`

1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Բաժնի ընթացիկ գործունեությունը,

2) պատասխանատվություն է կրում Բաժնի առջև դրված խնդիրների ժամանակին և ճիշտ իրականացման համար,

3) մշակում է Բաժնի աշխատանքային ծրագիրը,

4) ապահովում է Բաժնի կանոնադրությամբ նախատեսված գործառույթների ժամանակին և արդյունավետ իրականացումը, անհրաժեշտության դեպքում ներկայացնում  առաջարկություններ բաժնի կողմից իրականացվող աշխատանքների խրախուսման կամ պատասխանատվության ենթարկման վերաբերյալ,

5) ստանում է Բաժնի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, Կոմիտեի մյուս ստորաբաժանումներից,

6) վերահսկում է Բաժնին տրված հանձնարարությունների կատարման ընթացքը, ընդունում է կատարված աշխատանքները,

7) կատարում է Կոմիտեի նախագահի այլ հանձնարարականները:

4.6. Բաժնի պետը պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Բաժնի առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

4.7. Բաժնի պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու է բաժնի աշխատողը:

4.8. Բաժնի պետի բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ, իրեն փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետը:

4.9. Բաժնի աշխատակցի արձակուրդում կամ անաշխատունակության ժամանակահատվածում գտնվելու ընթացքում վերջինիս լիազորությունները վերապահվում է պաշտոնի անձնագրով սահմանված համապատասխան աշխատակցին։