Պետական գույքի կառավարման և մշտադիտարկման վարչության կանոնադրություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Պետական գույքի հաշվառման և մշտադիտարկման վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է և իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանների, Կոմիտեի նախագահի հրամանների, այլ իրավական ակտերի և սույն կանոնադրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

1.2. Վարչությունն իր իրավասությունների շրջանակներում պատասխանատվություն է կրում իր վրա դրված խնդիրների ու գործառույթների ժամանակին և պատշաճ իրականացման համար, ենթարկվում և հաշվետու է Կոմիտեի նախագահին, համակարգող տեղակալին:

1.3. Վարչությունը կազմավորվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով:

1.4. Վարչության կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները հաստատում է Կոմիտեի նախագահը:

 

2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

2.1. Վարչության խնդիրներն են՝

1) Կոմիտեի տնօրինությանը հանձնված պետական գույքի հաշվառումը և պետական գույքի հաշվառման համակարգի արդյունավետ կառավարման ապահովումը,

2) պետական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների աջակցումը և պետական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կազմակերպումը,

3) պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկումների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգի համաձայն,

4) պետական անշարժ գույքի մշտադիտարկման և վերլուծության իրականացումը, դրա արդյունքների կիրառման շնորհիվ պետական անշարժ գույքի կառավարման որակի բարելավումը և գույքի օգտագործման արդյունավետության մակարդակի բարձրացումը,

5) «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ մասերի հիման վրա Հայաստանի Հանրապետությանը հանձնված նվերների տնօրինումը,

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետությանը հանձնված նվերների ընդունումը, նվերների տնօրինման եղանակների վերաբերյալ համապատասխան գրագրության ապահովումը, տնօրինման եղանակների ընտրության վերաբերյալ որոշումների ընդունումը  և օտարման դեպքում համապատասխան առաջարկության ներկայացումը պետական գույքի տնօրինման վարչությանը,

7) պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված՝ պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունման, պահպանությանն ուղղված կազմակերպչական, հաշվառման, դրանց տեղաբաշխման աշխատանքների իրականացումը,

8) պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված՝ պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օգտագործման (ծախսման կամ սպառման) և օտարման վերաբերյալ համապատասխան մարմիններից ստացված առաջարկների հիման վրա առաջարկությունների ներկայացումը,

9) հարկային մարմնի կողմից հսկիչ գնմամբ ձեռք բերված և չվերադարձված ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունման և հաշվառման աշխատանքների իրականացումը,

10) ավիացիոն ոլորտում Կոմիտեին վերապահված գործառույթների իրականացումը։»:

 

3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

3.1. Վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) ձեռնարկում է միջոցներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Կոմիտեին ամրացված, իսկ անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում նաև Կոմիտեին և որևէ պետական մարմնին չամրացված, հաշվեկշռում չարտացոլված, սակայն պետական սեփականություն հանդիսացող, այդ թվում՝ նոր հայտնաբերված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կազմակերպման ուղղությամբ,

2) ձեռնարկում է միջոցներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Կոմիտեին ամրացված այն շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ուղղությամբ, որոնց նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման,

3) ձեռնարկում է միջոցներ անշարժ և գրանցման ենթակա շարժական գույքի գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերի ձեռքբերման, կազմման և դրանցից բխող այլ գործառույթների իրականացման ուղղությամբ,

4) ձեռնարկում է միջոցներ Կոմիտեին ամրացված անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքի տեսակի ճշտման, պետական գրանցման ժամանակ իրավունքի գրանցման վկայականներում թույլ տրված սխալների ուղղման, անշարժ գույքի առանձին միավորների բաժանման և միավորման ուղղությամբ,

5) վարում է Կոմիտեին ամրացված անշարժ և գրանցման ենթակա շարժական գույքի համապարփակ բազան,

6) պետական գույքի հաշվառման համակարգի տվյալների հիման վրա, ըստ անհրաժեշտության, տրամադրում է տեղեկատվություն Կոմիտեին ամրացված անշարժ և շարժական գույքի վերաբերյալ,

7) հաշվառման բազայի տվյալների հիման վրա, ըստ անհրաժեշտության՝ գույքը տնտեսական շրջանառության մեջ դնելու նպատակով ներկայացնում է առաջարկություններ համապատասխան ստորաբաժանմանը գույքի օտարման կամ այլ եղանակով օգտագործման տրամադրման վերաբերյալ,

8) ձեռնարկում է միջոցներ Կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վերաբերյալ մասնագիտացված կազմակերպություններից եզրակացություններ և այլ փաստաթղթեր ձեռք բերելու ուղղությամբ,

9) ձեռնարկում է միջոցներ Կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հետ կապված շինարարական (քանդման) աշխատանքների կատարման արդյունքում փոփոխված, այդ թվում միավորվող անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցման աշխատանքների կատարման ուղղությամբ,

10) Հայաստանի Հանրապետության կարիքավոր քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման համար տրամադրում է տեղեկատվություն պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային, այդ թվում ուսուցչի տներում, բնակելի շենքերում առկա տարածքների վերաբերյալ,

11) ձեռնարկում է միջոցներ չօգտագործվող կամ նպատակային ու արդյունավետ չօգտագործվող պետական գույքի առանձնացման ուղղությամբ,

12) իրականացնում է պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկման աշխատանքներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգի համաձայն,

13) պետական գույքի պարբերաբար գույքագրման, հաշվառման և օգտագործման վիճակի մշտադիտարկման ու օգտագործման արդյունավետության գնահատման միջոցով՝ բացահայտում է տնօրինման և օգտագործման առավել արդյունավետ ուղիներ,

14) յուրաքանչյուր տարվա կտրվածքով կազմում և Կոմիտեի նախագահի հաստատման է ներկայացնում պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մշտադիտարկման տարեկան ծրագիրը,

15) պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մշտադիտարկման  տարեկան ծրագրին համապատասխան և սահմանված ժամկետում մշտադիտարկում իրականացնելու և արձանագրություններ կազմելու նպատակով ստեղծում է աշխատանքային խմբեր,

16) անշարժ գույքի մշտադիտարկման արդյունքների ամփոփման հիման վրա իրականացնում է ձեռք բերված փաստացի տվյալների և պետական գույքի հաշվառման համակարգում առկա տեղեկությունների, ինչպես նաև կառավարման ծրագրերում առկա տեղեկատվություների համեմատություն և օրենսդրությամբ սահմանված կարգով շտկում,

17)  ուսումնասիրության ընթացքում, պետական գույքի օգտագործողի կողմից տրամադրված և պետական գույքի էլեկտրոնային հաշվառման համակարգում ներկայացված տեղեկատվությունում տեղ գտած թերությունների, վրիպակների բացահայտման նպատակով գույքի օգտագործողից կամ նրա վերադաս մարմնից անհրաժեշտության դեպքում պահանջում է փաստաթղթեր, ինչպես նաև պարզաբանումներ,

18) մշտադիտարկման ընթացքում պետական գույքի օգտագործման իրավաչափությունը պարզելու համար օգտագործողից պահանջում է լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ տվյալ գույքի օգտագործումը կանոնակարգող փաստաթղթերի և իրավական ակտերի վերաբերյալ,

19) մշտադիտարկման ընթացքում օգտագործողից կարող են ստանալ պարզաբանումներ տվյալ գույքի օգտագործումը կանոնակարգող իրավական ակտերի պահանջների չկատարման պատճառով տեղ գտած խախտումների, թերությունների և բացթողումների վերաբերյալ,

20) մշտադիտարկման ընթացքում օգտագործողից կարող են ստանալ տեղեկություններ տվյալ գույքի օգտագործման բարելավման ուղղությամբ իրականացված կամ իրականացվելիք միջոցառումների և դրանց իրականացումից ներկայումս փաստացի և ապագայում սպասվելիք արդյունքների վերաբերյալ,

21) բացահայտում է պետական գույքի օգտագործումը կանոնակարգող իրավական ակտերի պահանջներից թույլ տված շեղումները և դրանց հետևանքով պատճառված վնասները,

22) վերլուծում է պետական անշարժ գույքի օգտագործման վիճակը և ներկայացնում է եզրակացություն և առաջարկություններ պետական անշարժ գույքի օգտագործման արդյունավետության վերաբերյալ,

23) անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկման ուսումնասիրման արդյունքում՝ գույքն տնտեսական շրջանառության մեջ դնելու նպատակով ներկայացնում է առաջարկություններ համապատասխան ստորաբաժանմանը գույքը վաճառքի կամ վարձակալության տրամադրման վերաբերյալ,

24) մշտադիտարկման տարեկան հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ,

25) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների հանձնման-ընդունման աշխատանքները,

26) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տեղափոխումը և ժամանակավոր պահպանությունը, գույքի պահպանության վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն ստանալու հետ կապված գրագրությունները,

27) անհրաժեշտության դեպքում ապահովում է գույքի կամ դրա խմբաքանակի մասնատումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը և գույքի պատշաճ պահպանության համար անհրաժեշտ այլ գործողությունների կատարումը,

28) ապահովում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա պետության սեփականություն դարձած և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից պետությանը հանձնված նվերների` տնօրինման ընտրված եղանակի (բացառությամբ՝ օտարման դեպքի) վերաբերյալ համապատասխան աշխատանքների իրականացնումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և սահմանված ժամկետում,

29)  իրականացնում է Հայաստանի Հանրապետությանը նվիրվող գույքի հաշվառումն ու կառավարումը,

30) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված՝ պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում գտնվող արժեքների և Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային հավաքածուի) ընդունման, պահպանության, ինչպես նաև դրանց տեղաբաշխման և գտնվելու վայրերը որոշելու նախապատրաստման աշխատանքները՝ անհրաժեշտության դեպքում գրավոր դիմելով համապատասխան մարմիններին և այլ անձանց,

31) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է թանկարժեք իրերի՝ փորձաքննության ենթարկելու նպատակով անհրաժեշտ աշխատանքները,

32) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է թանկարժեք իրերի հանձնման-ընդունման աշխատանքները,

33) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննության աշխատանքների հիման վրա ապահովում է թանկարժեք իրերի պիտակավորումն ու կապարակնքումը, ինչպես նաև դրանց վնասվելու դեպքում համապատասխան աշխատանքների իրականացումը,

34) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված՝ պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի (թանկարժեք իրեր) օգտագործման (ծախսման կամ սպառման) և օտարման վերաբերյալ համապատասխան մարմիններից ստացված առաջարկների հիման վրա առաջարկությունները,

35) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է թանկարժեք իրերի հաշվառման համակարգի արժեքների հաշվառումն ու կառավարումը,

36) ապահովում է թանկարժեք իրերի՝ նյութական պատասխանատու անձի կողմից և/կամ պատասխանատու պահպանություն իրականացնող կազմակերպություններում ընդունման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ վայրից մյուս վայր փոխադրման աշխատանքները, ինչպես նաև պահպանության վայրի այցելությունները,

37) տրամադրում է պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպություններին թանկարժեք իրերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը,

38) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է հարկային մարմնի կողմից հսկիչ գնմամբ ձեռք բերված և չվերադարձված ապրանքների հանձնման-ընդունման աշխատանքները,

39) իրականացնում է հսկիչ գնմամբ ձեռք բերված և չվերադարձված ապրանքների հաշվառումը,

40) հսկիչ գնմամբ ձեռք բերված և չվերադարձված ապրանքների տնօրինման եղանակների վերաբերյալ համապատասխան գրագրության ապահովումը ու անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրում է Պետական գույքի տնօրինման վարչությանը՝ ապրանքների հետագա տնօրինման համար,

41) իրականացնում է ավիացիոն ոլորտում Կոմիտեին վերապահված գործառույթները,

42) իր իրավասության շրջանակներում քննարկում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված իրավական ակտերի նախագծերը և ներկայացնում դիրքորոշում,

43) Վարչության գործառույթների արդյունավետ իրականացման համար ներկայացնում է առաջարկություններ,

44) մասնակցում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների նկատմամբ անցկացվող ծառայողական քննություններին,

45) ապահովում է հարկադիր աճուրդի մասով Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունվարի 15-ի N 47-Ն որոշման հիմքով Կոմիտեին վերապահված լիազորությունների կազմակերպման գործընթացը,

46) իր իրավասությունների (գործառույթների) սահմաններում կատարում է Կոմիտեի նախագահի, տեղակալների և գլխավոր քարտուղարի հանձնարարականները և ցուցումները և իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ:

 

4. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

4.1. Վարչության կառուցվածքը հաստատվում է Կոմիտեի նախագահի հրամանով:

4.2. Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Կոմիտեի հաստիքացուցակով նախատեսված կազմով։

4.3. Վարչությունը՝

1) իրականացնում է աշխատանքներ՝ համագործակցելով Կոմիտեի այլ ստորաբաժանումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ,

2) Կոմիտեի այլ ստորաբաժանումների հետ համատեղ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ նախապատրաստում է պետական գույքի հաշվառմանը  և գույքի մշտադիտարկմանը վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների և իրավական այլ ակտերի նախագծեր,

3) իրականացնում է աշխատանքներ՝ համագործակցելով Կոմիտեի այլ ստորաբաժանումների, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, դատախազության և այլ պետական մարմինների, քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ,

4) ստանում է դիմումներ, գրություններ, բողոքներ և առաջարկություններ ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում պատրաստում դրանց պատասխանները:

4.4. Վարչության աշխատանքների ղեկավարումն իրականացվում է Վարչության պետի և Վարչության կազմում գործող բաժինների (այսուհետ` Բաժին) պետերի կողմից:

4.5. Վարչության պետը՝

1) իրականացնում է Վարչության աշխատանքների կազմակերպումը և ընդհանուր ղեկավարումը,

2) բացահայտում, վերլուծում և գնահատում է Վարչության առջև դրված գործառույթներից բխող մասնագիտական նշանակության խնդիրներ, ինչպես նաև դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ և ապահովում այդ աշխատանքների կատարումը,

3) ապահովում է Վարչության կանոնադրությամբ նախատեսված գործառույթների ժամանակին և արդյունավետ իրականացումը, անհրաժեշտության դեպքում վերադասության կարգով, ներկայացնում է առաջարկություններ աշխատակիցների խրախուսման կամ պատասխանատվության ենթարկման վերաբերյալ,

4) վերահսկում է Վարչության աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության կանոնների պահպանումը, անհրաժեշտության դեպքում վերադասության կարգով ներկայացնում առաջարկություններ,

5) ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստումը,

6) գլխավոր քարտուղարին առաջարկություններ է ներկայացնում իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ,

7) գլխավոր քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագիրը,

8) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,

9) ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը,

10) ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար,

11) Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների,

12) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ պետական գույքի տնօրինման ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին,

13) պատասխանատու է Վարչությունում համապատասխան աշխատանքային մթնոլորտի և կարգապահության ապահովման, Վարչությունում աշխատակիցների միջև աշխատանքների հավասարաչափ բաշխման և դրանց կատարման համար,

14) իրականացնում է Կոմիտեի նախագահի, համակարգող տեղակալի և գլխավոր քարտուղարի այլ հանձնարարականները,

15) Վարչության լիազորություններին առնչվող հարցերի շրջանակներում ընդունում է քաղաքացիներին, իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, հանդիպում է պետական մարմինների աշխատողների հետ, պարզաբանումներ է տալիս առկա խնդիրների վերաբերյալ, լուծումներ է առաջարկում բարձրացված հարցերի շուրջ։

4.6. Վարչության պետը պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Վարչության առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

4.7. Վարչության պետի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ իրեն փոխարինում է Բաժնի պետերից մեկը:

 

5. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

5.1. Վարչության կազմում գործում են`

1) Պետական գույքի գրանցման և հաշվառման բաժինը,

2) Պետական գույքի մշտադիտարկման և վերլուծության բաժինը,

3) Շարժական գույքի կառավարման բաժին։

5.2. Վարչության.

1) Պետական գույքի գրանցման և հաշվառման բաժինն իրականացնում է սույն կանոնադրության 3.1-րդ կետի 1-11-րդ և 42-46-րդ ենթակետերում նշված գործառույթները,

2) Պետական գույքի մշտադիտարկման և վերլուծության բաժինն իրականացնում է սույն կանոնադրության 3.1-րդ կետի 12-24-րդ և 42-46-րդ ենթակետերում նշված գործառույթները,

3) Պետական շարժական գույքի հաշվառման բաժինն իրականացնում է սույն կանոնադրության 3.1-րդ կետի 25-46-րդ ենթակետերում նշված գործառույթները,

5.3. Բաժինը`

1) իրականացնում է աշխատանքներ՝ համագործակցելով Կոմիտեի այլ ստորաբաժանումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ,

2) Կոմիտեի այլ ստորաբաժանումների հետ համատեղ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ, նախապատրաստում է պետական գույքի տնօրինման ոլորտին վերաբերվող Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների և իրավական այլ ակտերի նախագծերը,

3) ստանում է դիմումներ, գրություններ, բողոքներ և առաջարկություններ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում պատրաստում դրանց պատասխանները:

5.4. Բաժնի պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչության պետին:

5.5. Բաժնի պետը՝

1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Բաժնի ընթացիկ գործունեությունը,

2) պատասխանատվություն է կրում բաժնի առջև դրված խնդիրների ժամանակին և ճիշտ իրականացման համար,

3) բաշխում է պարտականությունները բաժնի աշխատակիցների միջև,

4) մշակում է բաժնի աշխատանքային ծրագիրը,

5) Վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է պետական և այլ մարմինների նիստերին (խորհրդակցություններին),

6) ապահովում է Բաժնի կանոնադրությամբ նախատեսված գործառույթների ժամանակին և արդյունավետ իրականացումը, անհրաժեշտության դեպքում վերադասության կարգով ներկայացնում է առաջարկություններ աշխատակիցների խրախուսման կամ պատասխանատվության ենթարկման վերաբերյալ,

7) Բաժնի իրավասության տակ գտնվող հարցերի շուրջ անցկացնում է խորհրդակցություններ՝ պետական կառավարման մարմինների համապատասխան մասնագետների, այլ փորձագետների մասնակցությամբ,

8) ստանում է Բաժնի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տարածքային ինքնակառավարման մարմիններից, Կոմիտեի մյուս ստորաբաժանումներից, գիտական և խորհրդատվական կազմակերպություններից,

9) վերահսկում է Բաժնի աշխատողների կողմից հանձնարարությունների կատարման ընթացքը, ընդունում է կատարված աշխատանքները,

10) Բաժնի լիազորություններին առնչվող հարցերի շրջանակներում ընդունում է քաղաքացիներին, իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, հանդիպում է պետական մարմինների աշխատողների հետ, պարզաբանումներ է տալիս առկա խնդիրների վերաբերյալ, լուծումներ է առաջարկում բարձրացված հարցերի շուրջ,

11) կատարում է Վարչության պետի այլ հանձնարարականները:

5.6. Բաժնի պետը պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Բաժնի առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

5.7. Բաժնի պետը Վարչության պետի բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ, փոխարինում է վերջինիս:

5.8. Բաժնի պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են Բաժնի աշխատողները:

5.9. Բաժնի պետի բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ, իրեն փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը։

5.10. Բաժնի աշխատակցի արձակուրդում կամ անաշխատունակության ժամանակահատվածում գտնվելու ընթացքում վերջինիս լիազորությունները վերապահվում է պաշտոնի անձնագրով սահմանված համապատասխան աշխատակցին։